Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ ու նրանց վստահեցրել, որ Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերափոխելու որևէ մտադրություն չունի: «Աշխարհաքաղաքական դավադրություն չկա Ռուսաստանի դեմ, աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում»` ասել է նա: Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է BBC-ի թղթակիցներ Նինա Ախմետելիի ու Թեմո Կեգուրաձեի հարցերին:
Ռուս պատգամավորների հետ հանդիպման մասին
Մենք պարզապես մտքեր փոխանակեցինք հայ-ռուսական հարաբերությունների շուրջ, ես ներկայացրի մեր տեսակետները հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ և մենք խոսեցինք քաղաքական գործընթացի մասին, որ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի և չկա որևէ աշխարհաքաղաքական դավադրություն: Եթե մենք փոփոխություններ ենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերություններում, ուզում ենք դրականորեն փոխել: Ընդհանրապես մենք կարծում ենք, որ աշխարհաքաղաքական ռևերսները շատ վտանգավոր են ցանկացած երկրի համար և մենք պատրաստվում ենք պահպանել միջազգային բոլոր պարտավորությունները, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ մենք մտածում ենք, թե այստեղ խնդիրներ չկան, որ պետք է քննարկել ու լուծել: Մենք պատրաստվում ենք բոլոր այդ խնդիրները քննարկել մեր ռուս գործընկերների հետ ու վստահ ենք, որ բոլոր հարցերում միասնական տեսակետի կհասնենք:
ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին
ԵՄ-ի հետ հարաբերությունների մասով մենք ստորագրել ու վավերացրել ենք պայմանագիր և մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այդ պայմանագիրը: Ես չեմ կարծում, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցումը ինչ-որ կերպ կարող է սպառնալ երկրի անվտանգությանը: Մենք պատրաստվում ենք բարելավել ու խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրասիական գործընկերների հետ, ՀԱՊԿ-ի գործընկերների հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ և ընդհանրապես բոլոր գործընկերների հետ: Մեր կարծիքով` մեկը մյուսի հաշվին չպետք է լինի: Դա ամենագլխավորն է, որովհետև Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է, և մենք պատրաստվում ենք մեզ պահել իբրև ընտանիքի արժանավայել և սուվերեն անդամ:
Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի մասին
Այդ խնդիրը միշտ քննարկվել ու քննարկվում է և ես հույս ունեմ, որ այս հարցում մենք լավ ու արդյունավետ երկխոսություն կունենանք ռուս գործընկերների հետ, որովհետև Ռուսաստանում ևս հասկանում են հարցի ողջ լրջությունը և նրանք նույնպես, կարծում եմ, պատրաստ են այդ թեմայով երկխոսության:
Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին
Ես գտնում եմ, որ Հայաստանն անկախ երկիր է և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, այդ թվում` տնտեսական գործերին, ու Հայաստանի տնտեսության զարգացման հարցը մենք պետք է լուծենք: Ու` վերջ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանն ու ընդհանրապես որևէ այլ երկիր չի խոչընդոտում հայկական տնտեսության զարգացմանը: Դա մեր գործն է: Եթե մենք խնդիրներ ունենք այդ ոլորտում, այդ խնդիրները ինքներս ենք ստեղծել, ոչ թե ուրիշը: Շատերը արևմտյան մամուլում ինձ ներկայացնում են իբրև արևմտամետ քաղաքական գործիչ: Ես բազմիցս ասել եմ, որ ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ եմ, ես հայամետ եմ և դա է իմ գործունեության ռեալ գնահատականը: Այո, ես դեմ էի Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուն, բայց հիմա Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու դա փաստ է: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի փաստերի հետ: Ես միշտ ասել եմ, որ կտրուկ շարժումներն աշխարհաքաղաքականության, արտաքին քաղաքականության մեջ շատ ու շատ ոչ խելամիտ են, հատկապես հաշվի առնելով միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը:
Ռուս պատգամավորների հետ հանդիպման տպավորությունների մասին
Ռուսաստանը երբեք չի միջամտել ու չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այո, իհարկե, մենք շատ ենք քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլն, դա լինելու է կառուցողական երկխոսություն: Ես հույս ունեմ, որ մենք առաջընթաց կունենանք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ես ասացի ռուս գործընկերներին, որ չեմ կարծում, թե խնդիրներ չկան, այդ խնդիրները մենք պետք է քննարկենք: Ես ասում եմ, որ ռևերս չի լինելու: Այս գործընթացում որևէ աշխարհաքաղաքական դավադրություն ու աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա: Այս գործընթացը, այս շարժումը զուտ ներհայկական գործընթաց է, խառնված չէ որևէ արտաքին ուժ, ես դա ձեզ երաշխավորում եմ: Դա ակնհայտ է ու չնկատել ուղղակի հնարավոր չէ:
Այլ երկրների դեսպանների հետ շփումների մասին
Ես շփվել եմ ԵՄ դեսպանների հետ, ԱՄՆ դեսպանի հետ կառուցողական երկխոսություն ենք ունեցել: Նրանց դիրքորոշումը նույնն է` ինչ Ռուսաստանինը` ոչ ոք չի խառնվում Հայաստանի ներքին գործերին:
Վարչապետի առաջիկա ընտրությունների մասին
Ես հույս ունեմ, որ Հայաստանի խորհրդարանը ժողովրդի թեկնածուին կընտրի վարչապետ: Ես արդեն հանդիպել եմ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ, վաղը կհանդիպեմ խմբակցության հետ ու այն ժամանակ կտեսնենք` ինչ կլինի: Բոլոր դեպքերում ասում են, որ եթե մյուս խմբակցությունները պաշտպանեն իմ թեկնածությունը, նրանք չեն խոչընդոտի իմ ընտրությանը: Ես կարծում եմ, որ իշխող կուսակցությունը որոշեց իր թեկնածուին չառաջադրել, որովհետև բոլորը հասկանում են Հայաստանի քաղաքական իրավիճակը: Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության ու սփյուռքի 90 և ավելի տոկոսն աջակցում է մեր շարժմանը և ես կարծում եմ, որ հանրապետականները պարզապես ռեալ գնահատեցին քաղաքական իրավիճակը Հայաստանում:
Ի՞նչ կլինի, եթե թեկնածուն չընտրվի
Հարցը թեկնածուն չէ, խնդիրն է` մենք ցանկանու՞մ ենք ճգնաժամը հաղթահարել, թե՞ չենք ցանկանում: Եթե ճգնաժամը չլուծվի, ավելի է խորանալու` հարցը դա է: իսկ լուծման միակ ճանապարհը ժողովրդի թեկնածուին վարչապետ ընտրելն է: Եթե դա չլինի, կշարունակվեն նույն գործողությունները` խաղաղ բողոքները:
Լեռնային Ղարաբաղի մասին
Ղարաբաղի հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Դուք գիտեք` Ադրբեջանը երկար տարիներ իրեն շատ ագրեսիվ է պահում և դա բացասական մթնոլորտ է ստեղծում խոսակցության համար: Ամեն օր մենք Ադրբեջանից լսում ենք, որ պատրաստվում են Հայաստանի դեմ պատերազմ սկսել, Երևանը նվաճել, ինչպե՞ս կարող է կառուցողական խոսակցություն լինել այդ մթնոլորտում: Հիմա այն տպավորությունն է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կապիտուլյացիան է: Դա աբսուրդ է ու ապակառուցողական: Ես կարծում եմ, որ առաջինը պետք է երկխոսության, բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծել: Մենք կարծում ենք դա անպայման պետք է անել: Եվ Հայաստանը, և միջազգային հանրությունը եզրակացություններ պետք է անեն այդ հարցում, երբ նրանց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է ու նրանք չեն ցանկանում ուրիշ ոչինչ խոսել, չեն ցանկանում ոչինչ լսել: Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններում խոսում է Երևան մտնելու ծրագրերի մասին: Հայաստանը միշտ տրամադրված է երկխոսության, Հայաստանի բոլոր իշխանությունները համարել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է երկխոսության միջոցով լուծվի և մենք պետք է բացառենք հռետորաբանությունը, որից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ մեկը փորձում է հարցը ուժով լուծել: Դա չպետք է լինի: 21-րդ դարն է, մենք քաղաքակիթթ երկրներ ենք, համենայն դեպս` Հայաստանը: Հույս ունեմ` վերջին 20 օրում դա տեսան: Բայց դա չի նշանակում, որ քաղաքակիրթ լինելը պետք է մեկնաբանել իբրև թուլություն: Եթե Ադրբեջանի կողմից ինչ-որ սադրանքներ լինեն Լեռնային Ղարաբաղում, մենք մի կողմ կթողնենք մեր բոլոր ներքաղաքական հարցերը ու կզբաղվենք միայն մեր հայրենիքի պաշտպանությամբ:
Կառավարման նախագահական ձևի մասին
Դա հարց է ոչ թե կառավարման ձևի, այլ էության ու բավանդակության մասին: Միշտ կարելի է վիճել` ո՞ր մեքենան է լավը` BMW-ն, թե Mercedes-ը, հարցը դա չէ, այլ` ինչպես ենք պատրաստվում վարել այդ մեքենան: Ինձ համար դա ոչ թե ձևի, այլ բովանդակության հարց է: Կարելի է ունենալ ռեալ ժողովրդավարություն, ռեալ օրենքի իշխանություն, ռեալ տնտեսություն` զարգացող և այս ձևով, և այն: Գլխավորը բովանդակությունն է: Մենք ունենք ռազմավարական մեկ խնդիր` հասնել Հայաստանում իրականում ազատ ընտրությունների, դա է հարցի բովանդակությունը: Օրենքի իրական իշխանությունն է հարցի էությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունն է հարցի էությունը: Մարդկանց համար ի՞նչ տարբերություն` ի՞նչ ձևով են իրենց հավասար հնարավորությունները իրականացվում` նախագահական, թե խորհրդարանական: Գերմանիան խորհրդարանական երկիր է, Ֆրանսիան` նախագահական:
Ինչ կլինի ընտրության դեպքում
Ես անպայման կապահովեմ ազատ ընտրություններ, այդ նպատակով ենք մենք ուզում, որ վարչապետ ընտվի ու նշանակվի ժողովրդի թեկնածուն: Դա միակ երաշխքին է, որ իրական, դրական փոփոխություններ կարող է ապահովել: Ակնհայտ է, որ հայերի 90% աջակցում է մեր շարժմանը և ցանկացած այլ վարչապետ չի ունենալու ժողովրդի աջակցությունը:
Բողոքների ժամանակ հնարավոր բախումների մասին
Եթե ինձ ձայն չտան, դա ոչ մի դեպքում սպառնալիք չէ երկրի անվտանգությանը, որովհետև երբ ժողովրդի ոգին ու միասնությունը շատ բարձր մակարդակի վրա են, դա միայն բարիքին կարող է ծառայել: Դուք տեսնում եք` ինչ է կատարվում Հայաստանում: Խաղաղ գործընթացը շատ բարձր մակարդակի վրա է և պետք չէ բախումների սպասել, ոչ մի բախում չի լինելու: Ես ընդդիմություն եմ կոռուպցիայի, անօրինակության, ամենաթողության հարցերում և վստահ եմ, որ այդ հարցերը կլուծենք:
BBC
Հ.Գ. Երեկ գիշերը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարեց, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել մայիսի 1-ին վարչապետի ընտրությունը, որի միակ թեկնածուն ինքն է. «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները» և կոչ արեց բոլորին վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նոր պլանին հակազդելու համար»:
Սպասենք ընթացքին: Սա պատմություն է մեր մասին, կարող է դառնալ մեզ համար, կարող է մնալ մեր շուրջ` անկախ կընտրվի՞ Նիկոլ Փաշինյանը վարչապետ, թե ոչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ